Պենելոպե Կրուս. «20 տարի առաջ մեզ շոկային հարցեր էին տալիս»




Պենելոպե Կրուսը հսկայական մորթե գլխարկով հայտնվել է իտալական Vanity Fair ամսագրի շապիկին ու խոսել կարիերայի մարտահրավերների, իր աշխատանքը շատ սիրելու մասին, եւ ոչ միայն:
Հարցազրույցում դերասանուհին պատմել է, որ թեեւ տարիների ընթացում կանանց նկատմամբ խտրականության վերացման առումով որոշակի փոփոխություններ կան, սակայն իրավիճակը դեռ հեռու է կատարյալից:


«Տղամարդկանց ու կանանց միջեւ հավասարության դեռ չենք հասել, ու որքան էլ փորձենք ձեւացնել, թե այդպես չէ, ես ճշմարտությունը կասեմ: Տարբերություններն առկա են բազմաթիվ հարցերում»,- անկեղծացել է Կրուսը:

Նա խոսել է նաեւ դրական տեղաշարժերի մասին, օրինակ՝ մամուլի ասուլիսների ժամանակ կանանց սկսել են ավելի քիչ սադրիչ հարցեր տալ. «20 տարի առաջ տղամարդկանց հարցնում էին ֆիլմի մասին, իսկ կանանցից փորձում շոկային տեղեկություններ իմանալ: Երբ հիմա հիշում եմ, թե մեզ ինչպես էին վերաբերվում, կորցնում եմ խոսելու ունակությունս»:


Կրուսին զայրացնում է այն հանգամանքը, որ կանանց տարիքի մասին առավել հաճախ են խոսում, քան իրենց հասակակից տղամարդկանց. «Երբեւէ տեսե՞լ եք, որ 50-ամյա տղամարդն այդպիսի խնդիր ունենա. «Ի՞նչ եմ անելու, ինչպե՞ս հաղթահարեմ տարիքային փոփոխությունները»: Տղամարդկանց աշխատանքին տարիքը որեւէ կերպ չի խոչընդոտում»:


Դերասանուհին նաեւ պատմել է, թե ինչու է իր աշխատանքն այդքան շատ սիրում: Պարզվում է՝ դրա շնորհիվ կարողանում է բացահայտել գոյության առեղծվածը:

«Կարող ես հազար կյանք ապրել, բայց միեւնույն է՝ բազմաթիվ գաղտնիքներ կմնան, որոնք պետք է ճաշակել: Աշխատանքս ինձ համար նաեւ թերապիա է, թեեւ փորձում եմ նկարահանումներից հետո կերպարներս տուն չտանել: Դերասանի մասնագիտությունն ինձ շատ է օգնել մտավոր ու էմոցիոնալ առումով: Հոգեբանորեն առողջ եմ առաջին հերթին աշխատանքիս շնորհիվ: Այն ինձ սովորեցնում է, որ ամեն ինչ փոփոխվում է»,- ավելացրել է Կրուսը:
Հաջորդը